Հարավաֆրիկյան SABC հեռուստաընկերության լրագրող Վույո Մվոկոյին ուղիղ եթերում թալանել են: Դեպքը տեղի է ունեցել, երբ թղթակիցն ուղիղ եթերում տեղեկություն է փոխանցել Յոհանեսբուրգի հիվանդանոցներից մեկի մերձակայքից:
Ըստ Reuters-ի, լրագրողին երկու տղամարդ է մոտեցել, որոնցից մեկը՝ ատրճանակով զինված, եւ պահանջել իրենց տալ բջջային հեռախոսը: Մվոկոն կատարել է պահանջը, եւ հանցագործները փախուստի են դիմել:
Կատարվածից հետո լրագրողը պատմել է, որ նախ հրաժարվել է բջջայինը տալ, սակայն հետո ստիպված է եղել հանձնվել: «Նա իր մեղսակցին ասաց՝ «կրակիր այդ շանը», եւ ես ստիպված է նրանց տալ իմ հեռախոսը»,- պարզաբանեց Մվոկոն:
Խմբագիրների հարավաֆրիկյան ասոցիացիայի ներկայացուցիչը դատապարտել է տեղի ունեցածը: Կազմակերպությունում հայտարարել են, որ գողերը վաղուց արդեն երկրի առօրյայի անբաժան մասն են դարձել, սակայն դեռ երբեք չեն համարձակվել ուղիղ եթերում թալանել լրագրողին: Քաղաքի ոստիկանությունը չի մեկնաբանել միջադեպը:











