Բարեսիրտ բայքերները YouTube-ի նոր հերոսներն են դարձել: Նրանք մի ամբողջ «հատուկ գործողություն» են իրականացրել՝ վախեցած շնիկին փրկելու համար, որն արագորեն ընթացող ավտոմեքենաների տակ ընկնելու վտանգի առջեւ է եղել: Համացանցում հրապարակված տեսանյութը մի քանի օրվա ընթացքում գրեթե 1 մլն մարդ է դիտել:
Դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայի մայրուղիներից մեկում: Արագընթաց մայրուղում փոքրիկ շունը հայտնվել է մեքենաների գերության մեջ: Սարսափահար կենդանին չի կարողացել կողմնորոշվել, թե ինչ պետք է անել: Նրան նկատած բայքերներն արագորեն մոտոցիկլետներով շղթա են կազմել՝ փակելով երթեւեկությունն ու փրկելով շնիկին:
Ըստ RG-ի, վախեցած շանը միանգամից բռնել չի հաջողվել: Ամեն դեպքում, բայքերները կարողացել են կենդանուն դուրս բերել մայրուղուց:











