Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող մի քանի հարյուր «Նաիրիտի» աշխատակիցներ այսօր՝ մարտի 17-ին, վաղ առավոտից հավաքվել էին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում նախագահին հանդիպելու եւ իրենց պահանջը ներկայացնելու ակնկալիքով: Մեկ ժամից ավելի սպասելուց հետո նախագահական շարասյունը կանգ չառավ բողոքող նաիրիտցիների մոտ, ինչը նրանք արհամարհանք համարեցին իրենց նկատմամբ:
«Նախագահը մեքենայից չիջավ, բայց դա չի նշանակում, որ նա չգիտեր մեր պահանջի մասին ու չի ուզում մեզ լսել, պարզապես նա պատասխան չուներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ Նաիրիտցիների բողոքի ակցիան մեծ թվով ոստիկաններ են հսկում:
Նաիրիտցիները, այնուամենայնիվ, իրենց միակ հույսը նախագահի հետ են կապում, քանի որ Երվանդ Զախարյանի վերջին հայտարարությունը, որ աշխատանքից ազատվածներին չեն վճարի, ավելի էր զայրացրել նրանց:
«Նախագահը տեսավ, որ ժողովուրդը հավաքված է, դա հերիք է, որ իմանա՝ մեր աշխատավերձերի պահանջների մասին: Հուսով ենք, որ նախագահը մեր հարցին վերջնական լուծում կտա, հույսներս չենք կտրում»,- NEWS.am-ին ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Հակոբ Սարգսյանը:
Նաիրիտցիները այս պահին երթով շարժվում են դեպի Կառավարություն՝ որտեղ էլ կավարտեն իրենց բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:











