Ավիացիայի ոլորտում Հայաստանը 5-րդ աստիճանի ազատական քաղաքականություն է իրականացնում. մեր երկրի օդային տարածքն ամբողջությամբ ազատ է: Այս մասին մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ուրախությամբ ընդգծելով, որ վերջին ամիսներին արաբական երկրների հետ 4 նոր չվերթ է բացվել:

Նախագահի խոսքով, Հայաստանը մեծ ինտենսիվությամբ է աշխատում արաբական երկրների հետ: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ վարչապետն օրերս է վերադարձել արաբական երկրներից:

«Զգալի նշանակություն ունի նաեւ Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությունը, եւ այն խոչընդոտը, որ Հայաստանը փոքր շուկա էր, կարծես լուծել ենք: Այսինքն՝ Հայաստանը կարող է շատ հանգիստ դառնալ վայր, ուր կարելի է ապրանքներ ներմուծել եւ դրանք մատակարարել ԵՏՄ պետություններին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: