«Արարատի ստորոտին» անվանումը կրող միջազգային մեդիա ֆորումին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից Երեւան ժամանակ լրագրողներն այսօր՝ մարտի 19-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ):
Լրագրողները, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծանոթացել են ժամանակավոր ցուցանմուշներին: Հիմնական ցուցահանդեսը կբացվի ապրիլի 24-ին:
Այնուհետեւ նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրի մոտ, ապա ձեռք ձեռքի տված շրջան կազմել կրակի շուրջը եւ խոնարհվել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոնդոնում աշխատող հույն լրագրող Իսաակ Կարիպիդիսը նշել է, որ Ծիծեռնակաբերդ այցելությունը մոտ է իր սրտին, քանի որ ինքը պոնտիական հույների սերունդներից է, որոնք եւս Օսմանյան կայսրությունում ցեղասպանության են ենթարկվել:
Մեծ Բրիտանիայում լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջիմ Բումելհան նշել է, որ այցելել է Հայաստան եւ մասնակցել մեդիո ֆորումին, որպեսզի ընդգծի փաստը, որ լրագրողները կարող են շատ բան փոխել, որ լրագրողներն անզոր մարդիկ չեն, նրանք կարող են տեղեկատվությունը հասցնել լայն զանգվածներին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











