Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում, որտեղ այսօր` մարտի 19-ին, ժամը 13:00-ին ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգ էր ստացվել, որոնողական աշխատանքներն ավարտվել են, ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):
«Տանիքից մինչեւ նկուղ ամեն ինչ ստուգվել է, ոչինչի չի հայտնաբերվել, մնացածը ոստիկանության եւ ազգային անվտանգության գործն է»,- լրագրողներին ասաց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւան քաղաքի փրկարարակն վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:
Ուսանողներին եւ դասախոսներին արդեն թույլ են տալիս մտնել մասնաշենք, որը մինչեւ այդ առանձնացված էր ժապավեններով: Ֆակուլտետում վերսկսվել է դասապրոցեսը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:





Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











