Երեւանի Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակիչները պնդում են, որ դարձել են  2015թ.  փետրվարի 16-ին Նոր Հաճնի իր առանձնատանն ինքասպան եղած «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն՝ Համլետ Ամիրխանյանի զոհերը: Բնակիչներն այսօր՝ մարտի 19-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ իրենց բնակարանների սեփականության վկայականները վերադարձնելու պահանջով: 

«Բնակարան ենք տվել, բնակարան էլ պահանջում ենք: 2007թ. նոտարով՝ մեր պետության օրենքով, մեր տները տվել ենք «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին, որպեսզի վերակառուցումից հետո նույն տարածքում մեզ տուն տան, բայց չենք մտածել, որ մարդը վեց տարի հետո ինքնասպան կլինի կամ ապօրինություն կանի, բանկն էլ առանց մեր համաձայնության կվերցնի եւ գրավի տակ կդնի եր տները, որովհետեւ մի փոքր բան գնելուց կամ վարկ վերցնելուց բանկերն ինչ թուղթ ասես ուզում են, ինչ ապօրինություն ասես, թե չի կատարվել Արդշին բանկի կողմից: Կառավարությունից պահանջում ենք արդարացի որոշում, պետք է չէ՞ մի օրենք լինի էս երկրում, կա օրենք, թող գործի դա ենք ուզում, մենք հավատում ենք, որ կգործի, բայց չգործելու դեպքում մենք որոշակի քայլերի կդիմենք»,- ասաց Զեյֆիրա Արզումանյանը:

Բնակիչների խոսքով՝ գնված բնակարանների սեփականության վկայականներ իրենք չունեն, իսկ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանր ժամանակին առանց իրենց համաձայնության է բնակարանները գրավադրել «Արդշինինվեստ » բանկում, որը բնակիչներին վտարման փաստաթղթեր է ներկայացրել:

NEWS.am-ի հետ զրույցում վերոնշյալ հասցեների բնակիչները, նշեցին, որ հույս ունեն՝ Կառավարությունն իրենց հարցին լուծում կտա, եւ իրենց բնակարանները կվերադարձնեն:

Սայաթ-Նովա 40/1 հասցեում բնակվող Մանվել Մելքոնյանը նշեց, որ  իրենց բնակարանները խլելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է, սակայն բանկի աշխատակիցները բնակիչներին ահաբեկում եւ փորձում են վտարել իրենց բնակարաններից:

«Մենք դատական հայց ենք ներկայացրել եւ պահանջում ենք,մեզ հանգիստ թողնել մինչեւ դատական գործի ավարտը: Օրինակ՝ ես ապրում եմ էդ տան մեջ, գալիս, ասում են՝ էս մեր սեփականությունն ա, դռան վրա թղթեր են կպցնում, մարդ են ուղարկում, վախեցնում են»,-ասաց Մանվել Մելքոնյանը: