Հեծանվասպորտի մրցման ժամանակ հանդիսատեսը մարզուհիներից մեկին խանգարել է հաջողությամբ վերջնագծին մոտենալ: Հեծանվորդուհու ընկնելու մասին տեսանյութը մեկուկես մլն մարդ է դիտել:

Հոլովակում երեւում է, թե ինչպես է երկրորդ տեղում ընթացող Լորեն Ռոունի անունով մարզուհին հանկարծ ինչ-որ բանից կառչում եւ հեծանվի հետ միասին օդում պտույտ գործում: Դանդաղեցված դիտման ժամանակ պարզվել է, որ մարզուհին պատահաբար չի ընկել. երկրպագուներին դաշտից առանձնացնող ցանկապատին չափազանց մոտ կանգնած տղամարդը հարվածում է հեծանվի ղեկին:

Ըստ The Sydney Morning Herald-ի, հանդիսատեսը պնդում է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է: Ավելին, տղամարդը նույնիսկ չի իմացել, որ հեծանվորդուհին իր մեղքով է ընկել: Միջադեպի մասին տեսանյութը նրան որդին է ցույց տվել:

Հավելենք, որ Լորեն Ռոունին մասնակցում էր Հոլանդիայում անցկացվող Drentse 8 van Westerveld կանանց մրցավազքին: