Հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ մարտի 19-ին զոհված զինծառայողներն ու նրանց մարտական ընկերները կարողացել են անհավասար մարտում արժանի հակահարված տալ թշնամուն: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայող Արշակ Հարությունյանի հուղարկավորության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: (ֆոտոռեպորտաժ)
«Անհավասար մարտում մեր զինվորները՝ Արշակ Հարությունյանի մարտական ընկերները, ծառայակից ընկերները դասակի հրամանատարի, այնուհետեւ նաեւ օգնության հասած զորամիավորման հրամանատարի եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ միասին մեր հայրենիքի պաշտպանության մարտում կարողացան արժանի հակահարված տալ հակառակորդին: Մենք այսօր բոլորս ցավ ենք ապրում, որ մեր ոչ արդար հարեւանների կողմից պարտադրված լարված իրավիճակում, նրանց կողմից իրականացված սադրանքի հետեւանքով ունեցել ենք զոհեր»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ հակառակորդը հանկարծակիի է բերել այն ստորաբաժանմանը, որի կազմում ծառայում էր Արշակ Հարությունյանը:
«Արշակը եւ նրա ընկերներն անձնուրացությամբ մարտի մեջ մտան: Տղաները կարողացել են անմիջապես դարանակալվել եւ դասակում ունեցած հնարավորություններով խոցել հակառակորդին: Իրականության մեջ նրանք հերսություն են կատարել, որի արդյունքում մենք կարողացել ենք հետապնդել թշնամուն մինչեւ իրենց դիրքերի մատույցները եւ ամբողջությամբ ոչնչացնել խմբավորումը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ Արշակի հետ միասին մարտի մեջ են մտել զորամասի հրանատարը եւ սպայական կազմը, որոնց գործողությոնների արդյունքում հնարավոր էեղել հակառակորդին թույլ չտալ արագ եւ անպատիժ փախչել:
«Նրանք ստիպեցին, որ մենք ժամանակի մեջ կարողանանք որոշում ընդունել եւ կողքի դիրքերից եւ զորամասից արագ վերամիավորվել, օգնության ուղարկել համապատասխան ստորաբաժանում եւ հասնել հաջողությունների: Արշակը լրացրեց իր պապիկի շարքը, մարդ, որը Արցապի գոյապայքարում իր անձնազոհության շնորհիվ մնացած բոլորի հետ ապահովեց հայ ժողովրդի հաղթանակը, հաջողությունները եւ այսօրվա խաղաղ արարումը»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ զոհված զինծառայող Արշակ Հարությունին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական կարգով: Հուղարկավորությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, Պն այլ պաշտոնյաներ, Արշակի հարազատները, ընկերները:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:











