NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզում հնչած կրակոցների դեպքի վերաբերյալ: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այսօր՝ ժամը 10.00-ի սահմաններում, երեք անհայտ անձինք փորձել են մուտք գործել Բյուրեղավանի թիվ 21 շենքի բնակարաններից մեկը, տանտիրուհին, ներսից դուռը կողպելով, զանգահարել է ամուսնուն, ով շտապելով տուն, շենքի բակում հայտնաբերել է հիշյալ անձանց եւ պարզաբանում պահանջել: Սա վերածվել է վիճաբանության, եռյակից մեկը ատրճանակը ուղղել է բնակարանատիրոջ վրա, ապա հիշյալ անձինք մեքենայով դիմել են փախուստի: Բնակարանատերը օգնության է կանչել ընկերոջը, նրանք իրենց մեքենայով սկսել են հետապդնել փախչողներին:
Նրանցից մեկը ճանապարհին իջել է մեքենայից, զենքը պահել հետապնդողներին, սկսվել է քաշքշուկ: Զինված անձը երկու անգամ կրակոց է արձակել, ինչի արդյունքում բնակարանատիրոջը պատճառել է հրազենային վնասվածքներ: Հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ լիցքավորված 6 փամփուշտներով, որոնցից 2 կրակված, ինչպես նաեւ բջջային հեռախոս: Փախուստի դիմած անձանց ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:











