Հայաստանը շատ թանկ երկիր է։ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանից իրենց տպավորություններն այսպես բնութագրեցին այս տարի Նովրուզը Հայաստանում նշող իրանցիների մեծ մասը, որոնք նշեցին, որ շտապում են վերադառնալ Իրան, քանի որ թանկության պատճառով այլևս փող չունեն այստեղ մնալու համար։
Հինգ տարի առաջ ՀՊՏՀ-ում սովորած իրանի քաղաքացի Ահմեդը կնոջ հետ այժմ Երևանում է։ Նա նորից Հայաստան է եկել կնոջը Երևանը ցույց տալու համար։
«Համեմատում եմ 5 տարի առաջվա և այսօրվա Երևանը և զարմանում եմ։ Ամեն ինչ շատ է թանկացել, մենք չկարողացանք անգամ 100 դոլարից էժան հյուրանոց գտնել և ստիպված ենք կնոջս հետ մնալ հոսթելում։ Այսքանից հետո, կարծում եմ, որ նորից չեմ գա այստեղ, քանի որ Երևանում շատ դժվար է ապրելը»,-ասաց Ահմեդը։
Քիան, որը Երևանում է գտնվում ընդամենը մեկ օր, հասցրել է արդեն հիասթափվել և ուզում է վերադառնալ Իրան։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Երևան է եկել տուրիստական գործակալության միջոցով՝ չորս օրվա համար վճարելով 400 դոլար։
«Ես եկել էի գնումներ կատարելու, բայց պարզվեց, որ ամեն ինչ շատ թանկ է և ոչինչ էլ չկարողացա գնել»,-ասաց նա։
Իրանի մայրաքաղաք Թեհրանից Երևան ժամանած Ամինին, որը մի քանի օր է, ինչ Երևանում է, շատ է դուր եկել Երևանը, նա հուսով է, որ դեռ շատ գեղեցիկ վայրեր է տեսնելու։
«Կնոջս հետ եմ եկել Երևան։ Մենք Նովրուզի արձակուրդներն անցկացնում ենք այստեղ։ Մնում ենք հյուրանոցում, որը, սակայն, շատ թանկ է նստում մեզ վրա: Իրանի համեմատ շատ թանկ երկիր է Հայաստանը և չեմ կարծում, որ կկարողանամ այստեղ երկար մնալ»,-ասաց Ամինը:
«Ես Երևանում առաջին անգամ եմ և այստեղ ամեն ինչ հավանում եմ: Շատ բարի ու հյուրըկալ մարդիկ են: Եկել եմ իմ մեքենայով՝ ընկերներիս հետ, ինձ շատ է դուր գալիս այս երկրի ազատությունը, բայց կարծում եմ, որ շատ դժվար է Հայաստանի քաղաքացիների համար այստեղ ապրելը, քանի որ ամեն ինչ շատ թանկ է»,-ասաց իրանի քաղաքացի Մուբբաթը:











