Նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցին այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ականներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին (ֆոտոռեպորտաժ):
«Մենք այսօր ամեն ինչ վերապրում ենք, Անդրանիկ Մարգարյանը գոնե մեզ համար հիշողություն չէ: Այսպիսի օրը մեզ համար արժանապատվության օր է, նաեւ քննարկելու մեր կատարած աշխատանքը, ապաշխարելու չկատարածների համար: Անդրանիկ Մարգարյանը դեռ շատ երկար ժամանակ որպես գործուն քաղաքական գործիչ մեզ հետ միասին առաջ կշարժվի՝ թողնելով նաեւ սերունդների մեջ այն բացառիկ կերպարը, որ անհրաժեշտ է, որ մեր սերունդները կարողանան արժեւորել իրենց հետագա ճակատագիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Աժ նախագահի խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանն անմիջական էր, շփվում էր բոլորի հետ, միեւնույն ժամանակ անհանդուրժող էր, երբ «ազգային խնդիրները տրորվում էին թեկուզ հենց քաղաքական գործիչների կողմից». «Միեւնույն ժամանակ, նա կարողացավ միավորել բոլոր քաղաքական ուժերին: Դա էր պատճառը, որ իր վարչապետության օրոք լուրջ հաջողություններ արձանագրվեցին: Իր վարչապետության 7 տարիների ընթացքում նա կարողացավ նույնիսկ տնտեսական աճ ապահովել»:
Նշենք, որ պանթեոն էին այցելել նաեւ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները` կինը, երեխաներն ու թոռները: Հավաքվածները նախկին վարչապետի շիրիմին ծաղիկներ դրեցին, խունկ ծխեցրին:
Վարչապետի շիրիմին ծաղկեպսակներ կային` ուղարկված տարբեր պետական մարմիններից:
Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, Երեւանում: 1995թ. ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:











