Հայկական բարեգործական ընդհանուր միությունն այսուհետեւ իր կենտրոնը կունենա մայրաքաղաք Երեւանում: Մելիք Ադամյան փողոցում, Կառավարության շենքի հարեւանությամբ գտնվող՝ 2000թ. ապամոնտաժված՝ քաղաքային նախկին դումայի շենքի վայրում կառուցված կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 4-ին:
«Այսօր մեզ համար պատմական օր է: Մենք 1906թ. Կահիրեում ենք հիմնվել, ունեինք մեր կենտրոնները Ամերիկայում, Կանադայում, Դամասկոսում, Բեյրութում, Հալեպում, բայց այսօր մենք վերադարձանք մեր տուն, մեր հայրենիք եւ ունենք մեր կենտրոնը, որը հայրենի հողի վրա մեր ազգային գիտակցության եւ ներկայության սիմվոլն է»,- լրագրողներին ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:
1300 մ/ք տարածք զբաղեցնող հինգհարկանի շենքը կառուցվել է 1906թ. կառուցված եւ 2000թ. ապամոնտաժված Երեւանի քաղաքային դումայի շենքի քարերով, նույն վայրում: Շենքն առանձնանում է ճեղքված ճակատով եւ ապակեպատ դիզայնով:
«Հին շենքը կառուցված էր 1906թ., բարեգործական միությունը նույնպես հիմնադրվել է 1906թ.: Դրա համար ուզեցինք ճակատը ճեղքենք: 20-րդ դարի սկիզբը կճեղքենք, վարագույրի պես կբացվի, եւ հետեւում 21-րդ դարի ապագան կերեւա: Սրանք պարզ ապակիներ չեն, 10 անգամ ավելի թանկ, ֆրանսիական ապակիներ են։ Ճակատը թե մեր պատմությունն է, թե մեր ապագան»,- ասաց ՀԲԸ միության կենտրոնական վարչական ժողովի անդամ Արիս Ադամյանը՝ նշելով, որ շենքի մյուս ճակատը կառուցված է անպես, որ արեւի ճառագայթներից էներգիա ստանա եւ ապահովի շենքին անհրաժեշտ էներգիայի մասը։
Շենքը կառուցվել է ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար Նազար Նազարյանի եւ նրա տիկնոջ՝ Արտեմիս Նազարյանի միջոցներով։











