Երեւանում արդեն 6-րդ օրն ընթացող «Հնդկաստանի շունչը Հայաստանում» ցուցահանդեսն առաջին անգամ տեղի է ունենում պետական մակարդակով: Ցուցահանդեսի կազմակերպիչ Little India ընկերության տնօրեն Նավեկ Ալի Խանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս տարվա ցուցահանդեսին հնդիկ արտադրողներն անձամբ են ներկայացնում իրենց արտադրանքը։
Նավեկ Ալի Խանի խոսքով՝ հայ այցելուները գոհ են ցուցահանդեսին ներկայացված ձեռքով կարված ասեղնագործ կոշիկների, ասեղնագործ շարֆերի, փայտից պատրաստված կահույքի, զարդերի, համեմունքների, մարմնի եւ դեմքի խնամքի պարագաների եւ հագուստի որակից։
Little India-ի տնօրենը պատմեց, որ ցուցահանդեսին հիմնականում ձեռքի աշխատանքներ են ներկայացված:
«Հնդկաստանի Փենջաբ նահանգում՝ ամեն տան մեջ, փոքրիկ գործարան կա։ Մարդիկ կարում եւ ասեղնագործում են կոշիկները, ամբողջը ձեռքի աշխատանք է: Հնդկաստանի Քաշմիր նահանգը հայտնի է իր բրդյա շարֆերով, քանի որ այն միակ նահանգն է Հնդկաստանում, որտեղ ձյուն է գալիս»,-պատմեց հնդիկ գործարարը։
Ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ բասմատի տեսակի բրինձը, որն ունի յուրահատուկ պատրաստման եղանակ:
«Բրինձը մինչեւ եփելը 1 ժամ թրջում են, ինչից հետո այն կրկնակի երկարում է, այնուհետեւ օգտագործում են»,-ասաց Նավեկ Ալի Խաննը:
Այս տարի ցուցահանդեսի նորությունն է հնդկական արտադրության պլանշետները եւ հեռախոսները, որոնք, սակայն, չէին վաճառվում։ Հնդիկ արտադրողներն իրենց արտադրանքի համար նոր շուկաներ եւ գործընկերներ են փնտրում Հայաստանում։
Երկու երկրների միջեւ պայմանավորվածություն կա նաեւ, որ հայ եւ հնդիկ գործարարների փոխադարձ այցերն ամենամյա են լինելու։
Ցուցահանդեսն ուղեկցվում է հնդկական ազգային տարազներով երիտասարդների երգ ու պարով:
Նշենք, որ ցուցահանդեսն առաջին անգամ տեղի է ունենալու նաեւ Գյումրիում եւ Լեռնային Ղարաբաղում։
Երեւանում ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 10-ը։











