Հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը ոճիր է ընդդեմ մարդկության: Այս մասին, Վաշինգթոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքիժամանակ իր խոսքում նշել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Նա, մասնավորապես, նշել է.
«Եթե նույնիսկ Ցեղասպանություն բառը միջազգային օրենքի բառամթերքի մաս չէր կազմում 1915-ին, այն ինչ-որ պատահեց հայ ժողովրդին Օսմանյան թուրքական կառավարության կողմից ցեղասպանություն էր իր նպատակով եւ իր մեթոդներով՝ այլ խոսքով ոճիր ընդդեմ մարդկության»,-հաստատել է Արամ Ա. Կաթողիկոսը, Վաշինգթոնի Ազգային Մայր Տաճարի մեջ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ երկու հազարից ավելի ժողովրդի ներկայությամբ:
Շարունակելով իր խոսքը Նորին Սրբությունը հայտնել է, որ 100-րդ տարելիցը երեք բառերով կարելի է բնորոշել՝ հիշել, հիշեցնել եւ պահանջել. «Մենք հիշեցինք մեր մէկուկես միլիոն նահատակներին ու մի՛շտ պիտի հիշենք, որովհետեւ նրանք մեր ամէնօրյա պայքարի ու ձգտումների մասն են կազմում: Նահատակներին հիշել նշանակում է աշխարհին հիշեցնել նրանց կտակը: Ցեղասպանություն է կատարվել մեր ժողովրդի դեմ: Լռությունը նույնպես ցեղասպանություն է: Միջազգային օրենքի համաձայն ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, հետեւաբար մարդկությունը չի կարող անտարբեր մնալ այս ոճիրի նկատմամբ»:
Իր խոսքի վերջին կետում Նորին Սուրբ Օծությունը շեշտը դրել է պահանջատիրության վրա՝ ասելով. «Անարդարություն է տեղի ունեցել մեր ժողովրդի դեմ: Հայ ժողովուրդն իր իրավունքներն է պահանջում: Արդարությունը աստվածատուր իրավունք է, մարդիկ չեն կարող ուրիշների իրավունքները խլել: Մէկուկես միլիոն հայի արյուն է թափվել, մեր ժողովրդի կալվածքները բռնագրավված են: Ո՛չ միայն ցեղասպանության ճանաչում ենք պահանջում, այլ նաեւ հատուցում: Ներումը քրիստոնեական հավատքի մաս է կազմում. սակայն ներում կշնորհվի, երբ Թուրքիան ընդունի ճշմարտությունը եւ այս ձեւով երկու ժողովուրդների հաշտության առաջնորդող ճամբան բացի»:
Վեհափառ Հայրապետի պատգամը հաճախ է ընդհատվել ծափահարություններով, իսկ ավարտին, ներկա ժողովուրդը հոտընկայս ծափողջույններով է գնահատել Արամ Ա-ի խոսքը:
Միջկրոնական արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ողջունել է վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման գծով գործնական քայլի դիմած երկրներին եւ կոչ ուղղել, որ միջազգային համայնքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վերականգնի հայ ժողովրդի արդար իրավունքները:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր հերթին շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման հրամայականը եւ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին, թե՛ մարդասիրական օգնության տրամադրելով, թե ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Արարողությանը ներկա էին նաեւ սենատորներ, Կոնգրեսի անդամներ, եկեղեցական ներկայացուցիչներ եւ ԱՄՆ զանազան շրջաններից եկած հայորդիներ»:











