Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու փոխարեն կարելի է նվազեցնել։ Նման կարծիք է հնչել այսօր՝ մայիսի 14-ին Ազատության հրապարակում էլէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրային քննարկմանը։

Ըստ ակտիվիստների, որոշ ժամանակ առաջ ռուսական գազի գինն էժանացվեց, իսկ գազն ու էլեկտրականությունն  իրար հետ շաղկապված են, ուստի սակագինը լիովին կարող է էժանանալ։

Ելույթ ունեցողները նշեցին, որ սակագնի թանկացման դեմ իրենց միակ եւ արդյունավետ ճանապարհը փողոցային պայքարն է՝ «Վճարենք 100 դրամ» շարժման պես, հաջողության հասնելու համար։ «Շատ պարզ խնդիր է, պետք է ջանքեր գործադրել փողոցային պայքարի վրա»,- նշեց ակտիվիստ Սիփան Փաշինյանը։

Նշելով, որ իրավական ճանապարհը որեւէ կերպ չի օգնելու, գործող իշխանությունների պարագայում արդյունավետ չէ, հավաքված ակտիվիստները քննարկեցին փողոցային ակցիաների անցկացման կարգը։ Մասնավորապես, որոշվել է թռուցիկ պատրաստել եւ տարածել հնարավոր բոլոր եղանակներով, ապա կրկին հավաքվել եւ սկսել փողոցային ակցիաները։

Մի քանի հարյուր ակտիվիստները քննարկումից հետո երթ են սկսել Երեւանի փողոցով՝ իրազեկելով Երեւանի բնակիչներին։ Այս պահին նրանք «Ոչ թալանին» կարգախոս վանկարկելով Հյուսիսային պողոտայով երթ են անում դեպի Հրապարակ՝ իրենց աջակցությունը հայտնելու կառավարության մոտ նստացույց անող «Նաիրիտի» աշխատակիցներին։ 

Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am