Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին, հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե «ինչ եղավ Ծառուկյանին բամփելը»:

«Փետրվարի 12-ին Դուք, դիմելով նախագահին, ասացիք, որ մեծ անելիքներ ունեք եւ օգտագործելու եք Ձեր վարչական լիազորությունները, նրանք, ովքեր մի քանի անգամից չեն հասկանում, մի հատ էլ պիտի բամփեք: Նախ տեղեկացրեք, թե 3 ամիս անց օդում կախված լուրերն ի՞նչ եղան: Ես ինչքան տեղյակ եմ, օրենքում բամփել չկա: Հիմա ի՞նչ եղավ, բամփեցի՞ք, չբամփեցի՞ք»,- վարչապետին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ ֆինանսների նախարարը խոստացել է մինչեւ հունիսի 5-ը վերջնական տեղեկատվություն տրամադրել Ծառուկյանի բիզնեսի գործունեության վերաբերյալ:

«Մեր երկխոսությունը վերաբերել է ընդհանուր կոնտեքստով բոլոր գործարարներին, որոնք հարկերը չեն վճարում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ «իր ասելը շատ ճիշտ է եղել»։

Ծառուկյանի հետ կապված բոլոր հարցերը վարչապետը խոստացավ ամփոփ ներկայացնել:

«Պատկան մարմիններն ասելու են, թե ստուգումների արդյունքում ինչ են պարզել: Ձեր հարցադրումը ճիշտ է, տեղին է: Մենք ստուգումների արդյունքների մասին ասելու ենք: Մինչեւ մայիսի վերջ, հունիսի սկիզբ բոլոր պատկան մարմինները բարձրաձայն կխոսեն այդ մասին»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը: