Հիմա երբ մանուկներն ունեն Երեխաների պաշտպանության միջազգային օր, ես չէի ասի, որ իրենք ավելի պաշտպանված են, քան այն ժամանակ, երբ այդ տոնը չկար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է ամենամյա բարեգործական ակցիային:
«Մենք սիրում էին Յուրայի (Յուրա Բախշյան-խմբ.) հետ կիրակի օրերը երեխաներին տանել Կենդանաբանական այգի: Ցավոք ժամանակի սակավության պատճառով չէինք կարող շատ ժամանակ հատկացնել երեխաներին, եւ իրենց էինք նվիրում հանգստյան օրերը, տոնական օրերը եւ արձակուրդը: Մեր երեխաները կարոտ էին այսպիսի միջոցառումների»,- նշեց նա:
«Հիմա երբ մանուկներն ունեն Երեխաների պաշտպանության միջազգային օր, ես չէի ասի, որ իրենք ավելի պաշտպանված են, քան այն ժամանակ, երբ այդ տոնը չկար: Շատ-շատ երեխաներ այսօր ավելի լուրջ պետական հոգածության կարիք ունեն, քանի որ այսօր երեխաների նկատմամբ կիրառվող բռնության տեսակներն են շատ: Այսօր երեխան կարող է զրկվել դպրոց հաճախելու հնարավորությունից ոչ միայն այն պատճառով, որ հագուստ չունի, այլեւ ծնողի կրոնական քմահաճույքի պատճառով»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը եւ հավելեց. «Մենք այսօր պետք է ներողություն խնդրենք երեխաներից, քանի որ թողել ենք իրենց այսպիսի ժառանգություն: Մենք լավ մեծեր չենք»:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը Հայաստանի երեխաներին մաղթեց խաղաղ երկիր, պաշտպանված լինեն բոլոր բռնություններից, եւ ապահովված լինի նրանց բոլոր, այդ թվում կրթություն ստանալու իրավունքը, ինչպես պահանջում է օրենքի տառը:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:











