Մեր արդեն ունենք Երեխաների պաշտպանության միջազգային օր և լավ է, որ այսօր մեր երկրում յուրաքանչյուր երեխա պաշտպանված է ու ունի երջանիկ մանկություն:Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է ամենամյա բարեգործական ակցիային. «Լավ է, որ մեր երկրում արդեն ունենք Երեխաների պաշտպանության օր, մեր երեխաներն ունեն պաշտպանված մանկություն: Պատրաստ եմ մասնակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են երեխաներին օգնելուն ու նրանց օրը ուրախ դարձնելու»:

Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, որ ունեցել է երջանիկ ու  ուրախ մանկություն. «Հիմա այստեղ կանգնած՝ տեսնելով երեխաներին, հիշում եմ մանկությունս»:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը: 

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: