Վավերագրող ռեժիսոր Փիթեր Մուսուրլյանն առաջադրվել է Լոս Անջելեսի մամուլի ակումբի «Ավելի քան 25 րոպե տեւողությամբ լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի՝ «Պատմական Հայաստան» ֆիլմի համար: Այն առաջին անգամ ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերին, Ամերիկայի հայկական «Horizon» հեռուստաալիքով:
Ըստ «Asbarez»-ի, հայ ռեժիսորի՝ 40 րոպե տեւողությամբ ժապավենը 4 այլ մրցակից է ունենալու: Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է հունիսի 28-ին, Լոս Անջելեսի «Biltmore» հյուրանոցում:
«Պատմական Հայաստան» ֆիլմը ներկայացնում է էքսկուրսավար Արմեն Հարոյանի գլխավորությամբ մի խումբ ամերիկահայերի՝ Արեւելյան Թուրքիա ուղեւորությունը, որի նպատակն է եղել այցելել այն քաղաքները, գյուղերն ու ավանները, որտեղ 100 տարի առաջ՝ մինչեւ Հայոց ցեղասպանությունը, ավելի քան 2 մլն հայեր են բնակվել:
Նշենք, որ 2013 թվականին Փիթեր Մուսուրլյանն «Էմմի» մրցանակ է ստացել «Բըրբենքի աֆրիկյան քույր-քաղաքը» վավերագրական ֆիլմի համար, որը ցուցադրվել է «Բըրբանք» հեռուստաալիքով:











