Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչները միանշանակ դեմ են իրենց գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Աբովյանի երկաթի հանքավայրի շահագործմանը:

Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հանքավայրի շահագործման հայտ ներկայացրած «ՍՓԱՅՍ ՍԹԻԼ» ՍՊ ընկերության հիմնադիրներն են ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի որդին, ՀՀԿ անդամ Տիգրան Արզաքանցյանը եւ «ՀԵԴԼԱՅՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն: Սրանցից վերջինի մասին մենք համացանցում չգտանք եւ ոչ մի տեղեկատվություն:

Հունիսի 11-ին բնապահպանների հետ հանդիպման ժամանակ Կապուտանցիները ներկայացրեցին իրենց կարծիքն ու լսեցին մասնագետների մեկնաբանությունները: Նրանք համոզված են, որ հանքի շահագործման դեպքում երկրի երեսից կվերանա ոչ միայն իրենց գյուղն ու հարակից մի շարք բնակավայրեր, արոտավայրերն ու այլ գյուղատնտեսական հողահանդակները, այլ նաեւ լուրջ էկոլոգիական խնդիրներ կառաջանան Աբովյան եւ Երեւան քաղաքների համար, քանի որ քամիների միջոցով հանքային փոշին կտեղափոխվի տասնյակ կիլոմետրեր: Կաղտոտվեն Երեւան քաղաքին խմելու եւ կենցաղային ջրի 20-25 տոկոսը մատակարարող ջրաղբյուրները:

Գյուղում սկսվել է ստորագրահավաք ընդդեմ այս հանքավայրի շահագործման, որին արդեն միացել են մոտ 300 բնակիչ»:

Մանրամասները` տեսանյութում.