Գյուղմթերքի շուկաները հնարավորություն են տալիս գյուղացիներին իրենց ապրանքը վաճառել առանց վերավաճառողների միջամտության, ավելի մատչելի գներով: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Երեւանի Կասյան փողոցի գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում հնարավոր է՝գյուղմթերքի նոր շուկաներ բացվեն Երեւանում:
«Վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ այս շուկաներն արդարացնում են սպասելիքները, որովհետեւ գյուղացին եւ քաղաքացին անմիջապես իրար հետ են շփվում. գյուղացին է վաճառողը, ոչ թե միջնորդները: Մենք խիստ հսկողություն ենք սահմանում, որ միայն գյուղտնտեսություններն իրենց արտադրանքը վաճառեն այս շուկաներում: Գները շատ մատչելի են անցած տարվա համեմատ, ես այդպես եմ գնահատում, որովհետեւ բերքն այս տարի առատ է»,-ասաց գյուղնախարարը:
Սերգո Կարապետյանը շրջեց վերաբացված գյուղմթերքի շուկայում՝ հետաքրքրվելով բոլոր ապրանքների գներով եւ խորհուրդ տալով գյուղացիներին՝ ինչպես մշակել բերքը:
Շրջելու ընթացքոիմ գյուղնախարարը նաեւ գնումներ կատարեց, այդ թվում բրոկոլի, ծիրան, կեռաս եւ ձու:
Նշենք, որ շուկայի բացմանը ներկա Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էլ ընդգծեց, որ գյուղմթերքի շուկաները բացվել են բացօթյա առեւտուրը վերացնելու նպատակով:
«Արդեն 5-րդ տարի է՝ մենք համագործակցում ենք գյուղատնտեսության նախարարության հետ: Այս շուկան բացել ենք գյուղացիների համար, որպեսզի նրանք իրենք կարողանան վաճառել իրենց բերքը: Եթե պահանջարկ լինի, մենք նմանատիպ շուկաներ նորից կավելացնենք: Բայց եղել են դեպքեր, երբ մենք բացել ենք, պահանջարկ չի եղել, փակվել են այդ շուկաները»,- ասաց փոխքաղաքապետը:
Դավիթ Օհանյանի խոսքով՝ Երեւանում ներկայումս գործում է գյուղմթերքի 34 շուկա:











