Երեւանի Աջափնյակ համայնքի շենքերից մեկում մոտ 50 ընտանիք 20 տարուց ավելի բնակվում է առանց կոյուղու եւ տանիքի կիսակառույց շենքում։ Նազարբեկյան 48 հասցեում գտնվող շենքի բնակիչները որպես կոյուղի օգտագործում են շենքից 10-15 մետր հեռավորության վրա գտնվող փոսը, որը թեեւ բետոնե սալիկներով են ծածկել, սակայն դա չի օգնում ազատվել անտանելի հոտից։

«Կոյուղի որպես այդպիսին չունենք։ Դիմել ենք «ԵրեւանՋուր» ընկերությանը, որտեղից  պատասխանել են, որ իրենք այդ շենքը չեն սպասարկում։ Միայն վերջերս քաղաքապետարանի, թաղապետարանի եւ Առողջապահության նախարարության միջնորդությամբ «ԵրեւանՋուրը» մեր շենքն իր նախագծերի մեջ ներառեց։ Թե երբ կոյուղի կունենանք, չգիտենք: Այժմ կոյուղաջրերը մաքրելու համար սեփական միջոցներով հատուկ մեքենա ենք կանչում»,-բողոքեցին բնակիչները։

Շենքի բարեկարգումը նույնպես բնակիչների միջոցների հույսին է, քանի որ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը տեղեկացրել է, որ շենքը «ՀՀ–ի սփականություն չի հանդիսանում» եւ հետեւաբար կադաստրի վարչությանը չի պատկանում։

Ինչպես բնակիչներն են ասում` «անտեր» շենքը սկսել է կառուցվել խորհրդային ժամանակների բարելավման ծրագրով, սակայն անկախությունից հետո շինարարությունը դադարեցվել է, վերջին` 9-րդ հարկն անավարտ է, տանիք այդպես էլ չի կառուցվել։

Շենքի բնակարանների մի մասը հանձնել են նախկինում հերթագրվածներին, տասը բնակարան էլ 2012թ. Կառավարությունը հանձնել է անապահով ընտանիքներին` պայմանով, որ նրանք պետք է մասնակցեն շենքի բարեկարգմանը։

92–ից ի վեր շենքում ոչինչ չի փոխվել։ Տարիների ընթացքում անձրեւաջրերից ու չխնամվելու հետեւանքով շենքի վիճակը վատթարացել է, այն դարձել է վթարային, բարձր հարկերի բետոնե սալիկները հերթով պոկվում են, պատշգամբները` քանդվում` վտանգելով բնակիչների կյանքը։

«Երեխաների համար այստեղ խաղալն էլ է վտանգավոր, քանի որ շենքը քիչ- քիչ քանդվում է, պանելի հսկայական կտորներ են ընկնում։ Բացի այդ, թե տարածքում, թե բնակարաններում կարիճներ, մորմեր կան։ Մի քանի օր առաջ օձեր ենք նկատել։ Առնետների մասին էլ չասեմ »,- NEWS.am–ին ասաց բնակիչներից Սոֆյա Նալբանդյանը։

Նրա խոսքով` շենքի աղետալի վիճակն ազդել է բնակիչների առողջության վրա։ Հատկապես վերեւի հարկերի բնակիչները խոնավությունից ու հակասանիտարական պայմաններից լուրջ խնդիրներ ունեն։

Երեւանում գտնվող շենքը փաստացի ոչ ոքի չի պատկանում։ Բնակիչները չեն կարող վաճառել բնակարանները, ինքնուրույն բարեկարգելու հնարավորություն չունեն, ստիպված են ապրել` անձրեւաջրերի դեմ պայքարելով ու կոյուղու մասին երազելով։