Ճապոնիայում վաճառքի է հանվում Pepper ռոբոտը, որն ունակ է հասկանալ էմոցիաներն ու արձագանքել դրանց: Այդ հարցում ռոբոտին օգնում են երկու HD-խցիկները, որոնք ամրացված են սարքի բերանին եւ ճակատին, իսկ աչքերում տարածության սենսորներ են ներկառուցված: Եթե մարդը, օրինակ, արտասվում է, ռոբոտը փորձում է մխիթարել, իսկ եթե ձանձրանում է՝ զվարճացնել:

Ռոբոտի մանրածախ գինը 198 հազար իեն կլինի: Այն հնարավոր կլինի նաեւ վարձով վերցնել՝ 1 ժամվա համար վճարելով 1.500 իեն:

Ըստ Gazeta.ru-ի, բոլոր սենսորների աշխատանքի համար հարկավոր է ռոբոտը միացնել համացանցին: Մշակողներն ընդգծում են, որ Pepper-ը նախատեսված չէ տնային բարդ աշխատանք կատարելու համար, այլ կարող է ռոբոտ-ընկեր դառնալ, որի հետ կարելի է խաղալ եւ զվարճանալ:

Pepper-ը մշակել են ճապոնական SoftBank օպերատորն ու Aldebaran Robotics ընկերությունը: Հեղինակները նախատեսում են ամսական շուրջ 1.000 ռոբոտ վաճառել, իսկ դրանց արտադրությամբ կզբաղվի չինական Foxconn կորպորացիան: