Ֆրանսիայի Լիոն քաղաքում հունիսի 13-ին «Նոր Սերունդ ՀՅԴ»-ի 6 անդամներին Լիոնում Թուրքիայի հյուպատոսը ծեծի է ենթարկել «Արդարություն Ցեղասպանության համար» վանկարկման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հայկական կազմակերպության անդամ Արմեն Աղաջանյանը:

«Մենք երեք տղաներով եւ երեք աղջիկներով գնացել էինք «Հյուպատոսական տոնին» մասնակցելու եւ նստած էինք խոտերի մեջ: Երբ սկսեցինք գոռալ «Արդարություն Ցեղասպանության համար», թուրք պաշտոնյաները, նրանց կանայք մոտեցան մեզ եւ սկսեցին ծեծել: Անձամբ թուրք հյուպատոսը՝ Հիլմի Էգե Թյուրեմենը, ոտքերով հարվածել է մեզ, անվանել «շներ», իսկ կինն էլ գարեջուր է լցրել մեզ վրա»,- դեպքի մանրամասները պատմեց Արմեն Աղաջանյանը:

Դեպքից անմիջապես հետո վեց երիտասարդներն էլ տեղափոխվել հիվանդանոց մարմնական տարբեր վնասվածքներով:

Դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները:

Ավելի վաղ Asbarez-ը հաղորդել էր, որ Լիոնում օրերս թուրք հյուպատոսը հարձակվել է հայ երիտասարդների վրա, որոնք բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ թուրքական ժխտողականության: Թուրքիայի հյուպատոսարանի աշխատողներից մեկը հարձակման ժամանակ խլել է տեսագրող երիտասարդի հեռախոսը եւ փախել, իսկ հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենը ոտքերով հարվածել եւ հայհոյել է հայ երիտասարդներին։