2014 թվականին HSBC Հայաստանի առեւտրի ֆինանսավորման ծառայությունների գծով պորտֆելն աճել է 35 տոկոսով՝ կազմելով 31,8 մլրդ դրամ, որից ստացվող եկամուտներն աճել են 51 տոկոսով:

Բանկի կողմից Առեւտրի ֆինանսավորման մրցանակի 2014-ին արժանացել է 5 ընկերություն:

Բանկի առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանն այսօր՝ հուլիսի 8-ին, հայտնել է, որ միջազգային առեւտրի մրցանակ անվանակարգում հաղթող է դարձել Glass World Company ընկերությունը: 2014 թվականին HSBC Հայաստանը գործարանի համար թողարկել է իր պատմության մեջ խոշորագույն ակրեդիտիվը, որի արդյունքում ձեռնարկությունն արդիականացրել է իր սարքավորումներն ու վառարանը՝ մեծացնելով արտադրական հզորությունը՝ տարեկան 5-ից հասցնելով 12 մլն պայմանական շշի (0,5 լիտր տարողությամբ):

Ինովացիոն առեւտրի անվանակարգում լավագույնը եղել է «Գոլդս Ֆիթնես» մարզասրահների ցանցը, որը 2008-ից ֆրանչայզինգի սկզբունքով Հայաստանում գործարկել է Gold’s Gym միջազգային մարզասրահների ցանցը:

Բանկի լավագույն նորեկ հաճախորդ է ճանաչվել «ՄԱՊ» ընկերությունը: Արտադրության արդիականացման արդյունքում, ընկերությունը 20 տոկոսով ավելացրել է բանջարեղենի եւ խաղողի մթերման ծավալները:

Բանկի գործադիր տնօրենի հատուկ մրցանակը բաժին է հասել շինանյութերի արտադրությամբ զբաղվող «Շեն հոլդինգ» ընկերությանը, որի հետ բանկն աշխատում է դեռեւս 2001 թվականից:

«Գրան պրի»-ն ստացել է Հայաստանի առաջատար հեռահաղորդակցության եւ հեռարձակման ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը:

Նշենք, որ HSBC-ն աշխարհում առաջատարներից մեկն է առեւտրի ֆինանսավորման ոլորտում:  Վերջին 14 տարում բանկը 10 անգամ լավագույնն է ճանաչվել այդ ոլորտում՝ Trade Finance պարբերականի կողմից: Հայաստանում բանկը գործում է 1996 թվականից: HSBC Բանկ Հայաստանի հաճախորդների բազան մոտ 36 հազարի է հասնում: Բանկի ակտիվները 2014-ի վերջին կազմել են 306,6 մլրդ դրամ: