Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում ոռոգման լուրջ խնդիր կա: Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին  իր բողոքը հայտնեց գյուղի բնակիչներից մեկը, որը Մաշտոցի պուրակին հարող տարածքում այսօր վերաբացված գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառում ամեն շաբաթ կվաճառի իր սակավ ոռոգվող բերքը:

Գյուղացու խոսքով՝ կարեւոր չէ, թե իրենք որտեղ կվաճառեն բերքը, կարեւորը այն ճիշտ ժամանակին ոռոգելն է, որը, ըստ նրա, մեծ խնդիր է:

«Ցիստեռնով պիտի ջուր բերենք: Գյուղացուն էս ամեն ինչը պետք չի, միայն ջուր է պետք»,- բորբոքված գյուղացին դիմեց գյուղնախարարին:

Սերգո Կարապետյանը հորդորեց գյուղացուն չբորբոքվել:

«Ո՞նց չբորբոքվեմ, ո՞նց չխոսամ: 20 օր ծառը չեմ ջրել: Ի՞նչ ա նշանակում 20 օր բերքի ծառը չջրել: Ծառը կդիմանա՞, բերքը ջրվել ա ուզում: Ախր, որ գնում, տեսնում եմ, լացս գալիս ա»,-կրկին բողոքեց գյուղացին:

Գյուղնախարարը գյուղացուն խորհուրդ տվեց դիմել մարզային պատասխանատուներին, գյուղապետարան:

«Եթե ես չգայի ստեղ, կարո՞ղ ա էս հարցը բարձրացներիր: Դրա համար մարզային կառույցներ կան, ես խի՞ պիտի գամ, որ ինձ բողոքես։ Գյուղի ղեկավար կա, նախորոք ասեք, մենք էլ միջնորդենք»,- գյուղացուն դիմեց Սերգո Կարապետյանը: 

Գյուղացին նշեց, որ դիմել է մարզային կառույցներին, որոնք ասել են, թե իրենց իրավասությունների մեջ չի մտնում մշտական ոռոգման ջուր ապահովելը:

«Դրանք ոչ մեկ գյուղացուն բանի տեղ չեն դնում, որ դնեն, 10 օրը մեկ ջուր կտան: Գնացեք, տեսեք դամբուլներս գետնին ա, գյուղապետն ասում ա՝ իմ կառույցը չի, մտել եմ այգիս, լացս եկել ա»,- պատասխանեց գյուղացին:

Սերգո Կարապետյանը վստահեցրեց գյուղացուն` «բանի տեղ դնում են», եւ ինքը «կասի, էս խնդրով կզբաղվեն»:

Մաշտոցի պուրակին հարող տարածքում վերաբացված գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքները վաճառող մի քանի գյուղացիներ եւս գանգատվեցին ոռոգման ջրի խնդրից: