ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը նախընտրում է պտուղ-բանջարեղեն գնել գյուղատնտեսական շուկաներից, որտեղ գյուղացիները «հասանելի» գներով թարմ ապրանք են վաճառում:
Այսօր՝ հուլիսի 18-ին, Մաշտոցի պուրակին հարող տարածքում գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացմանը գյուղնախարարը, եգիպտացորեն եւ սեւ հաղարջ գնեց:
«Այս շուկայի առավելությունն այն է, որ գյուղացին շատ թարմ ապրանք է վաճառում: Ապրանքները շատ որակյալ են, գներն էլ շատ հասանելի են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերգո Կարապետյանը:
NEWS.am-ի հետ զրույցում գյուղնախարարին սեւ հաղարջ վաճառողները նշեցին, որ հաղարջի գինը 700 դրամ է, եւ ոչ թանկ, ոչ էլ էժան են այն վաճառել Սերգո Կարապետյանին, պարզապես մի քիչ «քաշի մեջ ավել են լցրել»:
Որոշ գնորդների, որոնք բողոքեցին գյուղմթերքի գներից, գյուղնախարարը խորհուրդ տվեց սակարկել՝ ավելացնելով, որ գյուղացին պատրաստ է իր ապրանքի գինն իջեցնել:
«Թող ապրանքի վրա գները կպցնեն, թե չէ դուք գնացիք, ձեր հետեւից ուրիշ գին կասեն: Մոտիկացել եք, էժան են ասում, հենց գնացիք, թանկ կասեն»,- բողոքեց մի քաղաքացի:
Սերգո Կարապետյանը պաշտպանեց գյուղացիներին. «Տենց ա, վաճառողն ուզում ա թանկ վաճառի, ուզում եք էժան գնեք, էժանացրեք»:











