Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, վանաձորցի Սամսոն Խաչատրյանը մի քանի տարի երկրից բացակայելուց հետո այժմ վերադարձել ու բնակություն է հաստատել Երեւանում:

Մայրաքաղաքում կառուցվող հյուրանոցներից մեկի նկուղային հարկի սրճարանում շուտով ցուցադրության կդրվի բռնցքամարտիկի` խմիչքների 40 տարվա հավաքածուն` նվիրողների մի քանի հազար ստորագրություններով։

Լեոնիդ Ենգիբարյանից մինչեւ Խորեն Հովհաննիսյան, քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, հանրահայտ մարզիկներ, որոնք տեղյակ են եղել Սամսոն Խաչատրյանի այս հոբբիի մասին, թանկարժեք ու հազվագյուտ խմիչքներ են նվիրել հայ մարզիկին։ Սամսոն Խաչատրյանը յուրաքանչյուրին վերաբերում է մեծ խնամքով` անկախ նրանից, թե ով է նվիրողը։

«Ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, վարորդներ, սլեսարներ` մարդ, մենակ մարդ լինի, կապ չունի, ուզում ա՝ պոլիտիկ լինի, ուզում ա՝ եսիմ... սոցիալ-դեմոկրատ»,– ասում է բռնցքամարտիկը` ընդգծելով, որ սա ոչ թե իր, այլ ժողովրդի հարստությունն է։

«Աշխարհի բոլոր ծայրերից» բերված այս հավաքածուն Սամսոն Խաչատրյանի մտահղացմամբ` համերաշխության, խաղաղության գաղափարն է խորհրդանշում։