Կենդանիների իսպանացի պաշտպանները հանդես են գալիս այն ժողովրդական տոնախմբության դեմ, որն ամեն տարի անցկացվում է ծովափնյա Ռոսաս քաղաքում:   Տոնակատարության մասնակիցները սովորության համաձայն ողջ բադերին նետում են Միջերկրական ծովը, իսկ մարդիկ պիտի նրանց որսան եւ քարշ տան ափ: Երբեմն բադերը հանդես են գալիս նաեւ ինքնապաշտպանության գործիքի դերում, հաղորդում է   «Вети.ру»-ն` վկայակոչելով Metro պարբերականին:

Կենդանիների տեղացի պաշտպանները համացանցային արշավ են սկսել իրենց կարծիքով վայրագ այդ սովորույթն արգելելու համար: Շարժման ակտիվիստներից մեկը մեկնել է Ռոսաս, որպեսզի տեսանկարահանի «բարբարոսական տոնախմբությունը»: Մրցության մասնակիցներին դուր չի եկել, որ իրենց նկարում են: 

Կանանցից մեկը երկար չմտածելով բռնել է մոտերքում հայտնված բադի ոտքերից ու սկսել է դրանով մտրակել տղամարդուն: Ակտիվիստն ակնհայտորեն չի կարողացել տարհամոզել իսպանուհուն, սակայն Ռոսաս քաղաքի քաղաքապետը, տեսագրությունը դիտելուց հետո, ասել է, որ մտածում է  քաղաքում ավելի քան հարյուր տարուց ի վեր անցկացվող «բադերի մրցավազքն» արգելելու մասին: