Բյուջեի միջոցները յուրացնելով պետությանը 2 մլն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար  քրեական պատասխանատվության ենթարկվելուց երկու տարի անց Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը  այսօր՝ օգոստոսի 26-ին, վերընտրվեց դպրոցի տնօրեն:

Կառավարման խորհրդի ութ անդամները միաձայն քվեարկեցին նրա օգտին։ Տնօրենի թափուր պաշտոնի համար նախկին տնօրենի հետ մրցում էին դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Թորոսյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը, Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Սանոյանը: Նրանցից յուրաքանչյուրը խորհրդին ներկայացրեց դպրոցի զարգացման իր ծրագիրը, ինչից հետո խորհդի 8 անդամները քվեարկեցին իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ դպրոցի ուսուցիչները ծափահարություններով ողջունեցին վերընտրված տնօրենին։ Սուսաննա Սարգսյանի վերընտրվելը բարկացրեց միայն ընտրությանը ներկա` Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, որը երկու տարի առաջ առաջինն էր բարձրաձայնել տնօրենի ապօրինի գործունեության մասին։

Բախշյանը կանգնեց, տեղից բղավեց` «Շարունակելո՞ւ եք կաշառակերությամբ զբաղվել» ու վրդովված դուրս եկավ սենյակից։ 

Սենյակի մոտ հավաքված ուսուցիչները հենց սկզբից վատ էին տրամադրված Անահիտ Բախշյանի հանդեպ, դեմ էին, որ նա ներկա լինի ընտրությանը եւ մեղադրում էին նրան «շոու սարքելու» մեջ, անընդհատ ծափահարում էին` թույլ չտալով, որ նա հարցազրույց տա լրագրողներին։

Հիշեցնենք, որ 2 տարի է՝ Երեւանի թիվ 27 դպրոցը ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013թ.  քրեական պատասխանատվության էր ենթարկվել 2009-2012 թթ. 4 անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելով, նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացնելով պետությանը 2 մլն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար:  Նրա նկատմամբ տուգանք էր նշանակվել` 800 հազար դրամ, նաեւ 6 ամսով զրկվել էր կազմակերպչական, տնօրինական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Նա դատարանում ընդունել էր իր մեղքը, նշել, որ ինքը վճարել է պետությանը պատճառած վնասը եւ ցանկանում է կրկին վերադառնալ տնօրենի պաշտոնին:

2014թ. օգոստոսին դպրոցում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարվել, Սուսաննա Սարգսյանը հաղթող էր ճանաչվել, սակայն Երեւանի քաղաքապետի որոշմամբ մրցույթի արդյունքները չեղյալ էին համարվել, քանի որ խորհրդի 6 անդամներից միայն 4-ն էին քվեարկել նախկին տնօրենի օգտին եւ նա օրենքի խախտմամբ էր ճանաչվել հաղթող: