Նոր ուսումնական տարվան ընդառաջ տոնավաճառների աշխատակիցները բողոքում են հաճախորդների պակասից: NEWS.am-ի հետ զրույցում մայրաքաղաքի տոնավաճառներից մեկի աշխատակիցները նշեցին, որ չնայած ապրանքի գներն իջեցրել են, բայց առեւտուրը դրանից չի աշխուժանում, օրվա ընթացքում համարյա առևտուր չի լինում:

«Ֆիրդուս» տոնավաճառի աշխատակից Օֆելյա Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տոնավաճառից առևտուր անում են հիմնականում այն քաղաքացիները, որոնք սոցիալապես այնքան էլ ապահովված չեն, հետեւաբար այստեղ ավելի ակնհայտ է դառնում գնողունակության անկումը։

«Ամբողջ օրը կանգնում ենք, մի քանի բան չենք կարողանում վաճառել: Նախորդ տարիների համեմատ, համարյա առևտուր չի լինում: Շատ է ժողովուրդն աղքատացել, գալիս են ծնողները երեխաների հետ, տեսնում ենք, թե ինչպես են հագնված երեխաները, խղճում ենք, ապրանքը էժանացնում ենք, մի բան էլ հանում, մեզնից նվիրում իրենց»,-ասաց նա` հավելելով, որ 50 հազար դրամը բավակարար է մեկ երեխայի համար իրենց  տոնավաճառից և հագուստ, և գրենական պիտույք գնելու համար:

Երևանի բնակչուհի Անին, որը տոնավաճառ էր եկել երկու երեխաների համար տոնավաճառից հագուստ և գրենական պիտույքներ գնելու, նշեց, որ այս տարի ամեն ինչ թանկացել է, որի պատճառով էլ դժվարացել է սումնական նոր տարվան պատրաստվելը:

«Ամեն ինչ թանկացել է, ստիպված էժան ապրանք եմ գնում, որպեսզի 2 երեխանրիս համար էլ կարողանամ ամեն ինչ գնել: Մի կերպ կարողանում ենք առնել»,-ասաց նա: