Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցի ժամամանակ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ոստիկանների ու ցուցարանների միջև տեղի ունեցած հերթական բախման ժամանակ բերման են ենթարկվել  «Ոչ թալանին» նախաձեռնության  5  անդամներ: Ակտիվիստները պահանջում են, որպեսզի ոստիկանությունը  կես ժամվա ընթացքում ազատ արձակի բերման ենթարկվածներ Մաքսիմ Սարգյանին, Արտուշ Չիբուխչյանին , Հովհաննես Ղազարյանին, Վահրամ Պետրոսյանին և ևս մեկ հոգու: (ֆոտոռեպորտաժ)

«Եթե կես ժամում չազատեցին, ժամը 19:00-ին փողոցը փակելու ենք, դուք նրանց ապօրինի եք բերման ենթարկել»,-ասաց նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանների ու ակտիվիստների բախումների պատճառով վատացել է  Շահեն Պետրոսյանի ու Վաղինակ Շուշանյանի ինքնազգացողությունը: Ակտիվիստներից Թագուհի Ղազարյանը բախումների հետևանքով ձեռքերի վրա  կապտուկներ է ստացել:

«Ես փողոցում նստած էի, փորձում էին ինձ բարձրացնել, հրում էին, որ բարձրանայի, հետո քաշ տալով փորձում էին բերել մայթ, հետո ամբողջ մասսային հրեցին ինձ վրա»,- ասաց ակտիվիստը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանական նոր ուժեր են բերվել պողոտա:

Ցուցարարները հավաքված են նախագահականի դիմացի մայթին: Նախագահականի դիմաց և Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանակությունը պատ է կազմել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը  հայտարարել է, որ այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am