Նոր սահմանադրության նախագիծը ի՞նչ դրույթներ է պարունակում, որոնք ուղղված են բացառելու կոռուպցիայի եւ հովանավորչության այն երեւույթները, որոնց գոյությունը հնարավոր է դարձրել գործող Սահմանադրությունը։ Այսօր` սեպտեմբերի 17–ին, Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին նման հարցադրում արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ գործող Սահմանադրության պայմաններում ստեղծված իրավիճակից մի քանի դրվագ ներկայացրեց։
«2013թ. հունիսի 1–ին Սուրիկ Խաչատրյանը մարդ է սպանել իր տան բակում։ Սուրիկ Խաչատրյանը նախկինում երեք անգամ դատված է եղել, սակայն դա նրան չի խանգարել դառնալ Սյունիքի մարզպետ։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2015թ. օգոստոսի 17–ին տասնյակ մարդկանց աչքի առաջ ծեծի է ենթարկել եւ առեւանգել «Էյր Արմենիայի» սեփականատիրոջը, իրավապահ մարմինները գործը կոծկել են, նրան չեն ենթարկել քրեական պատասխանատվութան»,– ասաց Փաշինյանը։
Պատգամավորը նաեւ մատնացույց արեց պետական պաշտոնյաներից մի քանի հայտարարագրերը. չնայած 20 տարի պետական պաշտոնններ զբաղեցնելու հանգամանքին, 2012թ. պաշտոնապես Սուրիկ Խաչատրյանը 20 մլն դոլար է հայտաարագրել, Հովիկ Աբրահամյանն անկախությունից ի վեր եղել է պետպաշտոնյա, սակայն 2013թ. իր կնոջ հետ միայն պաշտոնապես 6 մլն դոլար է հայտարարագրել, Գագիկ Խաչատրյանն ու իր կինը 2012թ.` ավելի քան 6 մլն դոլար։
Փաշինյանը հետաքրքրքվեց, թե գործող Սահամանդրության որ դրույթներն են հնարավոր դարձրել նման իրավիճակը, եւ նոր Սահամանդարության որ դրույթներն են բացառելու այս երեւույթը։
Արձագանքելով Փաշինյանի հարցին` Վարդան Պողոսյանը նշեց, որ որեւէ սահմանդրություն չի կարող նման երեւույթները բացառել։
«Սահմանադրութունը կյանքի է կոչվում մարդկանց միջոցով»,– ասաց Սահամնադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը` նշելով, որ Սահմանադրությունը կարող է ապահովել միայն իշխանության տարբեր ճյուղերի հավասարակշռությունը եւ բացառել մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ, իսկ Փաշինյանի մատնանշած խնդիրները պետք է լուծի արդարադատության համակարգը, որը, սակայն, բավարար չափով անկախ չէ։
«Մենք փաստել ենք մեր նախագծի ներկայացրած հիմնավորումներով, որ չունենք դատական իշխանության անկախության նման մակարդակ, որը կբավարարեր հանրության կարիքները»,– ասաց սահմանադրագետը։
Հարցուպատասխանն իր ռեպլիկով եզրափակեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Չնայած իր հայտարարություններին` Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցեց սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի համար ողջունում եմ»։











