ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, զայրացրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ գործող Սահմանադրության կոնֆլիկտագենության ոչ մի ապացույց չկա և նոր սահմանադրությունն ամենևին չի զսպելու հնարավոր կոնֆլիկտները:
«Ձեզ թվում է, որ եթե չլինեն նախագահական ընտրությունները, դրան ցնցումներ չեն հաջորդի, չեն լինի ցույցեր, չի լինի «Մարտի 1», բայց դուք չեք հասկացել, որ մարդկանց բողոքի պատճառը ընտրությունները կեղծելն է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Գագիկ Մելիքյանը նախ ողջունեց, որ ՀԱԿ-ը մտել է Սահմանադրական բարեփոխումների բովանդակային, գաղափարական քննարկման փուլ, թեև մի քանի օր առաջ մերժում էր դրանց մասնակցությունը:
«Մենք սրանով ընդամենը հասկացանք, որ այն ժամանակ Սահմանադրությանը նույնիսկ պատրաստ չէին, ոչ էլ ընթերցել էին եւ չէին պատկերացնում՝ ինչ կար դրա մեջ գրված»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը, ինչից հետո Լևոն Զուրաբյանը լքեց նիստերի դահլիճը:
Գագիկ Մելիքյանը նորից անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հայտարարություններին եւ ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունն այդքան թույլ է:
«Շուռ գանք ու հարցնենք, ա՛յ խելոք, բա որ էդքան լուրջ քննադատության ես փորձում ենթարկել, ըստ, քեզ, հլա մի խմբակցությունդ փորձիր ղեկավարես: Յոթ հոգով ընտրել են, չորսը քեզ արդեն լքել են, մեկը՝ չի վստահում, էն մեկն էլ վրեդ իշխում ա: Եկել ես, ո՞ւմ ես խելք սովորեցնում, այ քեզ բան: Էդ անհեթեթությունները կգնաք, ուրիշ տեղ կասեք»,–ասաց նա։











