Օրերս Երեւանի Խորենացի փողոցում ավազակային հարձակում է գրանցվել երկու մարմնավաճառների եւ նրանց ընկերների մասնակցությամբ: Այս մասին ոստիկանության կենտրոնական բաժին հաղորդում է տվել Իրանի իսլամական հարապետության մի քաղաքացի: 

Իրանցին հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակից ընկերներով երկու աղջիկների հետ գնացել են Խորենացի փողոցում վարձակալած իր բնակարանը, քիչ անց աղջիկներին ծանոթ երեք անձինք մտել են տուն, ատրճանակով սպառնացել, իրենից ու իր ընկերներից հափշտակել են 350 ԱՄՆ դոլար, ձեռքի ժամացույց, բջջային հեռախոս եւ ոսկյա շղթա, որից հետո խմբով հեռացել են: 

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Բյուրեղավանի բնակիչ Սուսաննա Սարգսյանը եւ Երեւանի բնակիչ Մարիամ Աբրահամյանը՝ իր ընկերոջ Հայկ Հարությունյանի հետ, որի հետ, ըստ ոստիկանության, աղջիկները հանցավոր համաձայնության էին եկել:

«Մենք էդ աղջկա հետ որոշել էինք, որ պարսիկների հետ ինչ-որ հարաբերություն չենք ունենալու, մենակ գլխանց փող ենք վերցնելու ու դուրս գանք էդ տնից՝ իրանց խաբելով: Բայց պարսիկները մեր աշխատած փողը չէին տալիս, Հայկոյին զանգեցի ասեցի, որ գա, ներկայանա որպես ոստիկան, եկավ, պարսիկը ինքնակամ ոսկյա շղթան տվեց, ասեց՝ մենակ գնացեք էս տնից»,-բաժնում պատմել է Մարիամ Աբրահամյանը:

Ոստիկանները խուզարկությամբ Հայկ Հովհաննիսյանի մոտից հայտնաբերել են ատրճանակը եւ ոսկյա շղթան, սակայն Հայկը ոստիկաններին որեւէ բացատրություն տալ չի ցանկացել ՝ ասելով, որ իրեն զրպարտում են:

Մյուս իրերը հայտնաբերելու նպատակով ոստիկանները խուզարկել են Մարիամ Աբրահամյանի բնակարանը, սակայն դրանք հայտնաբերել չի հաջողվել: Փոխարենը Մարիամը հյուրասենյակի պահարանից ոստիկաններին ներկայացրեց դեղնականաչավուն կանեփանման  զանգված՝ հայտարարելով, որ թմրանյութն իրենն է եւ օգտագործում է:

Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ավազակություն, հարուցվել է քրեական գործ:

Հայկ Հովհաննիսյանի ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.