Հունգարիայի սահմանամերձ Աշոտհալոմի քաղաքապետ Լասլո Տորոսկայը սիրիացի փախստականներին ուղղված տեսաուղերձ է հրապարակել, որում փորձել է վախեցնել Հունգարիայի սահմանով ԵՄ մտնել ցանկացողներին։

Հոլովակի սկզբում Տորոսկայը պնդում է, որ իրենք ուրախ են ընդունել բոլոր նրանց, ովքեր օրինական են հատում սահմանը, իսկ մյուսներին բանտ եւ վտարում է սպասում, փոխանցում է «Դոժդ» հեռուստաընկերությունը։

Քաղաքապետն այնուհետեւ հիշեցնում է սահմանի պաշտպանության միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում են երկրի իշխանությունները, բանակն ու ոստիկանությունը։ Այստեղ ուղերձն ընդհատվում է, եւ ցուցադրվում են մոտոցիկլերով, ավտոմեքենաներով, ուղղաթիռներով եւ անգամ ձիերով հսկողություն իրականացնող ուժայիններին պատկերող կադրեր։

Վերջում քաղաքապետը Google քարտեզի վրա ցույց է տալիս, որ Գերմանիա կարելի է հասնել նաեւ Խորվաթիայով եւ նշում. «Հունգարիան վատ ընտրություն է, իսկ Աշոտհալոմը՝ վատագույնը»։