Երիտասարդ արվեստագետ Արտակ Գեւորգյանը սեպտեմբերի 18-ին, ստվարաթղթե ինքնաշեն տանկով մտել է Բաղարմյան պողոտա։ Համացանցում տարածված տեսանյութում երիտասարդը ստվարաթղթե տանկի մեջ վազում է Բաղրամյան, ապա Մաշտոցի պողոտաներով։

NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Արտակը չցանկացավ մեկնաբանել իր արարքի նպատակը՝ ավելացնելով միայն, որ ցանկացել է փորձարկել իր սարքած տանկը։

«Չեմ կարծում, որ արածս լուրջ մեկնաբանության կարիք ունի, տանկը վաղուց էի սարքում, պատրաստ էր, փորձարկում էի։ Մեռա գարաժում քշելով, որոշեցի դրսում քշել, Բաղրամյանով տանկը քշելը հարմար էր»,-ասաց Արտակը՝ կրկին չցանկանալով մեկնաբանանել, թե տանկն ինչու է հատկապես Բաղրամյան պողոտայում փորձարկել։ 

Արտակը նշեց, որ գոհ է ինքնաշեն տանկից, երկար փորձարկումներից հետո այն չի վնասվել։

«Թույն էի սարքել, պինդ էր ահավոր, երկար քշեցի, բան չեղավ, ոչ մեկի վրաերթի չեմ ենթարկել, ճիշտ է` մի-երկու խախտում եմ արել»,-ասաց Արտակը՝ կատակելով՝ «արվեստի գործ ա»։

Արտակը անկեղծացավ, որ ի սկզբանե նպատակ է ունեցել ջրցան մեքենա սարքել, էսքիզներ է արել, պարզապես ժամանակատար լինելու պատճառով գաղափարը չի իրագործել։ 

«Ջրցան էի ուզում սարքել, ջրի տեղն էլ ներկ պզցնեի, ուղղակի երկար կտեւեր, էսքիզ էլ ունեմ, ուղղակի հավես չկա»,-ասաց երիտասարդը։

NEWS.am-ի հետ զրույցում արվեստաբան Թագուհի Թորոսյանը, մեկնաբանելով Արտակ Գեւորգյանի գործողությունը, նշեց, որ գրոտեսկային պերֆորմանսի միջոցով արվեստագետը խնդիր է դրել վերհանել իշխանության մեխանիզմները, իշխանության մանիֆեստացիայի աբսուրդությունը եւ միլիտարիզմը, որով,  նրա խոսքով, տոգորված է թե հանրությունը, թե ԶԼՄ-ները եւ թե կրթական համակարգը։

«Խոշոր հաշվով նա վեր է հանել այն միլիտարիզմի փառաբանումը, որ մենք ունենք իբրեւ գերակա դիսկուրս, ու նաեւ ընդգծել է այդ ամենի մեջ մեր անհատական պատասխանատվությունը եւ մրցավազքի մեջ մտնելու գործողությունը, որը նա իլուստրացրել է տանկն իր վրա կրելով, վազքով քաղաքով տեղաշարժվելու միջոցով»,-ասաց արվեստաբանը։

Արվեստաբանը ընդգծեց, որ երիտասարդը ի ցույց է դրել այն փաստը, որ ցանկացած բողոքի ալիք, ընդվզում բախվում է մի ձեւակերպման, որտեղ նշվում է՝ «մենք պատերազմային իրավիճակում գտնվող երկիր ենք, որը չի կարող իրեն թույլ տալ լուրջ քաղաքական պոռթկումներ, երկրում անհանգիստ վիճակ է, դրանից կարող է օգտվել թշնամին եւ հարձակվել մեզ վրա», ուստի, ըստ նրա, որեւէ սոցիալական կամ քաղաքական փոփոխություն դե ֆակտո անհնարին է։

Թագուհի Թորոսյանի խոսքով՝ ջրցանը փոխարինելով տանկով՝ Արտակ Գեւորգյանը ակնհայտորեն հղում է անում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, տանկը խորհրդանշում է պատերազմը եւ մեր անհնարինությունը որեւէ փոփոխություն իրականացնելու, իսկ ստվարաթութղը` մեր ներքին  խնդիրները։

Իրականում, ըստ արվեստաբանի, Արտակ Գեւորգյանը տանկով վազքը սկսել է Բաղրամյանի այն հատվածից, որտեղից բերման են ենթարկել ակտիվիստներին՝ ցույց տալով, որ ակցիոնիզմը մեր երկրում որեւէ գործընթացի արդյունավետ ավարտի չի բերում, միայն պերֆորմատիվ բնույթ է կրում, եւ այն ինչ կատարվում է փողոցում,  իրականում կապ չունի քաղաքականության հետ. ցանկացած ցույց եւ բողոք դառնում է կատակների, զվարճանքների, հումորի անսպառ աղբյուր։