Դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության կազմակերպած «Ինքիշխանության երթից» հետո այսօր՝ սեպտեմբերի 21-ին Երեւանի Աբովյան փողոցում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը իրեն այցելած ազատամարտիկ Մանվել Եղիազարյանին պատմել է, որ իրեն ծեծի ենթարկողները եղել են 5-6 հոգի եւ չեն ներկայացել:
«5-6 հոգի Հյուսիսային պողոտայում սկսել են սարսափելի հարվածել կողերին, հետո ինչ-որ մեկը քար է նետել գլխին: Քաղաքացիական հագուստով տղաներ են եղել, չեն էլ ներկայացել, միանգամից քաշքշել, սկսել են հարվածել»,- NEWS.am-ին պատմեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որը մի քանի րոպեով տեսակցել էր Երեւանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող Սմբատ Հակոբյանին:
Մանվել Եղիազարյանի խոսքով՝ նման կերպ ազատամարտիկի հետ հաշվեհարդար են տեսել: Նա համոզված է, որ դրա պատճառը ոչ թե միայն ազատամարտիկի այսօրվա հակաիշխանական ելույթն է եղել ՀՀԿ գրասենյակի մոտ, այլեւ մինչեւ այժմ նրա ծավալած քաղաքական գործունեությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում։
Ազատամարտիկը ստացել է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ ողի վնասվածք։











