Երեւանի Ազատության հրապարակում այսօր` սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, քաղաքացիները զինվորների համար անհրաժեշտ պարագաներ նվիրաբերեցին` դրանք հավաքելով հատուկ տեղադրած արկղերում: «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող միջոցառումը նախաձեռնել էր «Civil Voice» hասարակական կազմակերպությունը:
«Արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում ենք նման միջոցառումներ: Նպատակը` ի նշան երախտագիտության զինվորներին նվեր մատուցելն է: Սա արդեն մեր չորրորդ ակցիան է, որի ընթացքում քաղաքացիները իրենց կողմից նվիրատվություն են անում հիգիենայի պարագաների, քաղցրավենիքի և ծխախոտի տեսքով» - NEWS.am-ի հետ զրույցում ասաց Civil Voice ՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը:
Հավաքված պարագաները կփոխանցվեն որեւէ սահմանային զորամասի զինվորների:
Ըստ ՀԿ ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանի` ակցիայի նպատակն է ամրապնդել բանակ-քաղաքացի կապը:
«Բանակն ու զինվորը մեր անկախության երաշխիքներն են: Նման միջոցառումներով ցանկանում ենք ամրացնել բանակ-քաղաքացի կապը:Սա ևս մեկ առիթ է, որպեսզի սահմանում ծառայող մեր եղբայրներն աջակցություն ու ջերմություն զգան քաղաքացիներից: Ակցիայից հետո հավաքված նվերների վրա մեր կազմակերպությունը ևս հսկայածավալ նվերներ է ավելացնում, ու տանում ենք որևէ զորամաս» -նշեց նա` ավելացնելով, որ քաղաքացիները, որոնք չեն հասցնի այսօր նվիրատվություն անել, կարող են իրերը թողնել «Civil Voice» ՀԿ-ի գրասենյակում:












