Քրոջ տնից Արցախ մեկնելը դարձել էր ավանդույթ, ետդարձի տոմս ամրագրելու նման մի բան։ Ազգալդյանն ամեն անգամ մեկնելուց առաջ այցելում էր քրոջն ու նրա ամուսնուն, նստում իր սիրած բազկաթոռին ու ժպիտը դեմքին ասում` գնում եմ։

23 տարի անց քրոջ` Նելլի Ազգալդյանի աչքերը փայլում են եղբոր մասին խոսելիս։ Չարաճճի ու գերակտիվ մանկության մասին պատմում է ժպիտով, հպարտությամբ հիշում` ինչպես դարձավ խելացի ու սովորող պատանի, հետո, երբ սկսում է պատմել արցախյան ազատամարտի հերոսի մասին, հպարտությունը 78-ամյա կնոջ աչքերում խառնվում է եղբորը կորցրած քրոջ արցունքների հետ։

Լեոնիդը չհասցրեց ժառանգ ունենալ. տիկին Նելլին լեգենդար եղբոր հայրենասիրությունը, հայրենիքի ամբողջականության ու անկախության ձգտումը սերմանեց իր սեփական երեխաների ու թոռների մեջ։
Չնայած ընտանիքը դեմ էր, բայց Ազգալդյանին հնարավոր չեղավ հետ պահել դեպի իր ճակատագիրը տանող ճանապարհից։ Արցախի ազատագրական պայքարի առաջին օրերից մեկնեց սահման` ուսապարկը գրքերով լցրած. ուզում էր տիրապետել ռազմարվեստի բոլորը նրբություններին։ Պայքարի ամենաթեժ շրջաններում անգամ կարդալու ժամանակ էր գտնում, ամեն անգամ մեկնելիս նոր գրքեր էր վերցնում։
Եղբայրը զուսպ էր, երբեմն չոր. առաջին անգամ քույրը նրա աչքերում արցունքներ տեսավ մարտական ընկերոջ` Վլադիմիր Բալայանի հուղարկավորությանը։ 10 օր անց եկավ նաև Լեոնիդի զոհվելու բոթը։
Այդ անգամ Արցախ մեկնելիս նա խախտել էր ավանդույթը. չէր գնացել քրոջն այցելության,չէր նստել իր սիրած բազկաթոռին, մեկնել էր առանց հրաժեշտ տալու։
Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել ռադիոֆիզիկոս մասնագիտությամբ։
Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազատագրական մարտերին։
Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Զոհվել է1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Վարդուհի Երանոսյան











