«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածքում իրականացվում են կազմակերպված ապօրինի անտառահատումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ):
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սյունիքից Համահայկական բնապահպանական ճակատի ստացված բազմաթիվ ահազանգերը վկայում էին, որ այս մարզի անտառները նույնպես վտանգված են։ 2015 թ.-ի սեպտեմբերի 20-ի կարճատեւ այցելությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածք համոզեց մեզ, որ այստեղ իրականացվում են կազմակերպված ապօրինի անտառահատումներ։ Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասերում կատարած կարճատեւ տեղազննումների արդյունքում հայտնաբերեցինք տարբեր տեսակի եւ տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ եւ անտառանյութով բեռնված առանց համարանիշերի բեռնատարներ։
Գլխավոր ավտոճանապարհի տարբեր հատվածներում դեպի անտառի խորքը բացված էին բազմաթիվ հողային ճանապարներ, որոնցով գնալու դեպքում, ցանկության դեպքում, հաստատ ականատես կդառնաք այս տեսանյութում եւ լուսանկարներում ներկայացված խայտառակ պատկերին։
Ակնհայտ է, որ սա կազմակերպված եւ վերեւներից հովանավորվող գործընթաց է, որի տարբեր օղակներն իրար հետ համագործակցելով կամաց-կամաց ոչնչացնում են Հայաստանի առանց այն էլ սակավաթիվ անտառները՝ տուրք տալով իրենց գումար աշխատելու մոլուցքին։
Հարց է առաջանում, թե ինչով են զբաղված անտառների պահպանության համար պատասխանատու պետական լիազոր մարմինները՝ հատկապես Հայանտառը, որի ղեկավարությունը մեր կարծիքով ցուցաբերում է հանցավոր անտարբերություն։ Վաղուց է անհրաժեշտ այս ոլորտում իրականացնել լուրջ համակարգային փոփոխություններ, հակառակ դեպքում 50-100 տարի հետո մենք հնարավոր է վերջին հրաժեշտը տանք մեր անտառներին»:
.jpg)











