Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հորդորում է ժամանակից շուտ ենթադրություններ չանել ու չհայտարարել, թե իր ծեծը կազմակերպել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Ռուբեն Հայրապետյանը կամ ինչ-որ մեկն է այս ամենը կազմակերպել: Հետաքննություն է գնում, ոստիկանությունն օպերատիվ է աշխատում, կարճ ժամանակ անց կիմանանք՝ ով-ով ա, ինչը որից հետո ա: Մի բան հստակ է՝ ինչ-որ արվել է իմ հանդեպ, իմ քաղաքական գործունեության պատճառով է արվել»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ իբր ինքը քաղաքական պատվեր է կատարում՝ ասելով, որ  իրեն ծեծողների մեջ է եղել Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկը, նա ասաց, որ անտրամաբանական է նման հայտարարության հավատալը:

«Քաղաքական պատվեր կատարում են ընդդիմադիրի նկատմամբ, Ռուբեն Հայրապետյանը ընդդիմադիր չէ, ի՞նչ քաղաքական պատվերի մասին է խոսքը: Կամ ես հո հոգեկան հիվանդ չե՞մ, որ ինձ մահվան դուռը հասցնեն քաղաքական պատվեր կատարելու համար: Պիտի առնվազն միամիտ լինես, որ նման հայտարարության հավատաս»,-ասաց ազատամարտիկը:

Նշենք, որ դեպքի հաջորդ օրը ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը լրագրողներին հայտնել էր, որ իրեն ծեծողներից մեկին ճանաչել է, որը եղել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով արդեն կան բերման ենթարկվածներ:

Բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգորյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը, եւ 36-ամյա Ա. Սարգսյանը:

 Նշենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող: