Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է։ Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակումը հասանելի է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ մեր հանրապետությունում թվային հեռուստահեռարձակում իրականացնելու առաջին փորձը կատարվել է դեռեւս 2006 թվականին, սակայն մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Եվ միայն 2009 թվականին, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը, սկիզբ դրվեց հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը։
Սակայն, այն ակտիվ սկսեց ծավալվել եւ մտավ իրականացման փուլ վերջին տարիներին, երբ որպես գլխադասային մարմին ամբողջական վերահսկողությունը տրվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը։
«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ «Ծրագիրը, որն իրականացվեց ՀՀ-ում, ի սկզբանե խիստ հավակնոտ էր եւ իր սոցիալական եւ տեխնիկական լուծումների իմաստով։
Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքներն սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ «Էրիքսոն»» եւ «Ինթելսաթ» կազմակերպությունների հետ։
Գրիգոր Ամալյանը նշում է, որ կատարված աշխատանքները լիովին համապատասխանում են նախատեսված չափորոշիչներին: «Կարող ենք գոհունակությամբ ասել, որ ստեղծվել է թվային հեռարձակման մի ենթակառուցվածք, որը կարող է օրինակելի հանդիսանալ այլ երկրների համար»,- ասել է Գրիգոր Ամալյանը:
Անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին եւ Երեւանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք:
Թվայնացումն էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիան։ Ըստ մասնագիտական որոշ գնահատականների՝ թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։
ՀՀ կառավարությունը թվային հեռուստահեռարձակման հայեցակարգը հաստատելիս որդեգրել էր ծայրահեղ սոցիալական մոտեցում՝ անալոգային հեռարձակման փուլում երաշխավորելով գործող անալոգային հեռուստաընկերությունների անվճար հեռարձակումը նաեւ թվային հեռարձակման փուլում։ Սա նշանակում է, որ ներկայում գոյություն ունեցող բոլոր ալիքները ներառված են սոցիալական փաթեթի մեջ։
«Նախկինում մեր միջին ցուցանիշը մարզային բնակավայրերում կազմում էր 3, 4 հեռուստածրագիր, այժմ մարզերում հեռարձակվում է 9 հեռուստածրագիր: Դրանք մշտապես հեռարձակվելու են անվճար եւ հասանելի են լինելու մեր բոլոր քաղաքացիներին: Երեւանի գոտում սոցիալական փաթեթում ներառվել է 18 հեռուստածրագիր, այսինքն՝ բոլոր այն երեւանյան հեռուստածրագրերը, որոնք գործել են նաեւ անալոգային հեռարձակման փուլում: Սա ծայրահեղ եզակի սոցիալական մոտեցում է»,- ասել է Ամալյանը։
Գործող օրենսդրությամբ՝ անալոգային հեռուստահեռարձակման վերջնաժամկետը նախատեսված է 2016 թվականի հունվարի մեկը: «Մենք հունվարի մեկին դադարեցնելու ենք անալոգային հեռարձակումը, եթե այլ իրավական ակտ կամ այլ իրավական մոտեցում մինչ այդ օրինականացված չլինի ՀՀ-ում: Կարծում եմ՝ քաղաքացիները սարքը ձեռք բերելու խնդրի լուծումը չպետք է թողնեն վերջին օրվան, որովհետեւ դա կարող է շուկայում առաջացնել ծանրաբեռնվածություն»,- ասել է նա:
Նշենք, որ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն իրականացնելու համար նախատեսված էր մոտ 7 մլրդ դրամ: Իրականացվել է նախատեսվածից ավելի աշխատանք առանց լրացուցիչ ֆինանսավորման: Ներդնելով եվրոպական լավագույն փորձը՝ այսօր արդեն թվային հեռուստահեռարձակման առավելությունները հասանելի են Հայաստանի բոլոր բնակավայրերի հեռուստադիտողներին:














