Երեւանի կենտրոնում Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկի եւ նրան ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանությունում բերման ենթարկված երիտասարդների միջեւ այսօր՝սեպտեմբերի 23-ին, առերեսում է եղել:
Գոծողությունը տեղի է ունեցել Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին հիվանդանոցում են քննիչներն ու մեծ թվով ոստիկաններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով արդեն կան բերման ենթարկվածներ:
Բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգորյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը, եւ 36-ամյա Ա. Սարգսյանը:
Նշենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:











