19-ամյա Հրանուշը 3 տարի առաջ սկսեց մարդկանց հետ ավելի քիչ շփվել, հազվադեպ դուրս գալ փողոց: Երիկամների անբավարարություն ունեցող երիտասարդ աղջիկն այդ կերպ փորձում էր խուսափել խղճացող հայացքներից, որոնք ամենից շատն էին հուսահատեցնում:

«3 տարի առաջ, երբ պատահական վատացա ու իմացա, որ նման հիվանդություն ունեմ, սկզբում նեղվեցի, բայց սառը ուղեղով դատելով հասկացա, որ պիտի առաջ գնամ ու բուժվեմ: Շատ բարդ է, որ նման տարիքում իմանում ես, որ սովորական մարդ չես, ունես պրոբլեմ, որը դեղերով չի անցնի,  երկար ժամանակ, մեծ գումարներ են պետք, որ բուժվես, բայց կարեւորը` չկորտրվես: Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, լաց չեմ լինում, ցույց չեմ տալիս, որ նման հիվանդություն ունեմ»,- ասում է Հարությունյանների ավագ դուստրը, որն Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բնակվում է կրտսեր եղբոր, հաշմանդամ հոր ու պապիկի հետ:

10 տարեկանում, երբ մորը կորցրեց, Հրանուշի միակ երազանքը դարձավ նրան եւս մեկ անգամ տեսնելը: Երբ մեծացավ, հասկացավ, որ դա հնարավոր չի, սկսեց մանկության տարիների բացթողած երազանքներով ապագայի պլաններ կազմել: Մասնագիտության ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չէր կայացրել, երբ իր փոխարեն կյանքը որոշեց նրա անելիքները։

«Ամենաշատը երկու օրը մեկ անգամ գնում եմ դիալիզի, եթե չգնամ, չեմ դիմանում, վատանում եմ: Դրա համար էլ չեմ հասցնում որեւէ ուրիշ բանով զբաղվել, տանն եմ լինում: Թե չէ շատ էի ուզում մասնագիտություն ունենալ, ընտանիքիս օգնել, հետո ամուսնանալ, երեխաներ ունենալ, ինչն իմ այս վիճակում չի թույլատրվում»,- ասում է Հրանուշը:

Հրանուշը հիվանդանոցում ընկերներ է ձեռք բերել, որոնք իր հիվանդությունից ունեն: Աղջիկն արդեն հասցրել է նրանց վարակել իր լավատեսությամբ ու ուժեղ կամքով: Հենց այս հատկությունների շնորհիվ Հրանուշի հիվանդությանն այլ կերպ են սկսել նայել նաեւ նրա ընտանիքի անդամները:

«Որ հանկարծ ասում են` էս մի արա, էն մի արա, ասում եմ ` ես հիվանդ չեմ, չեմ թողնում իրենք տենց մտածեն: Ուզում եմ` ինձ լավ տեսնեն: Չեմ պառկում, չեմ ասում` վայ ինչ վատ եմ, վայ, չեմ կարողանում քայլել, շարժվել, որ չխղճան ինձ, չասեն` ինչ մեղք է: Առաջին բժիշկը ինքս եմ ինձ համար, դա գիտեմ ու չեմ հուսահատվում»,- նշում է Հրանուշը:

Հրանուշը հավատում է` կգա մի օր, երբ էլ ստիպված չի լինի շաբաթվա մեջ մի քանի անգամ մի քանի ժամ հիվանդանոցում անցկացնել: Առայժմ հավատի հիմքում միայն աղջկա մեծ լավատեսությունն է. երիկամի փոխպատվաստման համար, որը կարող է փրկել նրա կյանքը, ընտանիքը միջոցներ չունի։

Հրանուշին օգնելու համար հաշվեհամար է բացվել նրա անունով` Հրանուշ Հարությունյան

VTB բանկ

AMD16017010546600

USD16017010546601

EUR16017010546602

RUR16017010546603