Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքում նախօրեին տեղի ունեցած գնդակոծությունը լուրջ վնաս է հասցրել համայնքին. 1 ավտոմեքենա ամբողջությամբ այրվել է, 5-ն էլ վնասվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին գյուղացիները՝ նշելով, որ վնասվել են նաեւ իրենց տները:
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 16:30-ից սկսած կրակոցների հետեւանքով վնասվել են նաեւ գյուղի կենտրոնական փողոցները: Չնայած նախօրեի սահմանային լարվածությանը՝ այս պահին գյուղում հանգիստ է, գյուղացիներն այգիներում խաղողն են հավաքում:
«Մեր կյանքն ենք վտանգում, բայց այլ տարբերակ չունենք, խաղողը փչանում է»,- NEWS.am-ի թղթակցին ասացին պառավաքարցիները՝ նշելով, որ 1992թ.-ից հետո առաջին անգամ է նման գնդակոծություն եղել:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կառավարության կողմից հրահանգ կա հաշվարկել գյուղացիների կրած նյութական վնասները եւ տալ փոխհատուցում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանից, մեկը՝ Պառավաքարից։ Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան:
Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, մեկը դուրս է գրվել:






















