Երեւան-Արարատ մայրուղին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մի քանի ժամ փակ պահող  խաղողագործներին, որոնք պահանջում էին մթերել իրենց խաղողը,  վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվեց համոզել բացել այն (ֆոտոռեպորտաժ):

Հասնելով բողոքի ակցիայի վայր, վարչապետը նախ գյուղացիներին դիմեց հանդիմանանքով. «Փակել եք էս փողոցը, որ ի՞նչ անեք, էդ ե՞րբ եք զանգել, որ չեմ եկել»:

Նշենք, որ գյուղացիները, որոնք խաղողի բերքով բեռնված ավտոմեքենաներով փակել էին մայրուղին, եւ դժգոհում էին, որ Մասիսի «Նոյ» գործարանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է մթերել խաղողը, մինչեւ վարչապետի ժամանելը հայտարարել էին, որ չեն բացի ճանապարհը, մինչեւ Հովիկ Աբրահամյանը չգա իրենց մոտ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ստիպված էր եղել նրանց ներկայությամբ հեռախոսով խոսել վարչապետի հետ՝ հավաստիացնելու համար, որ նա ճանապարհին է:

Վարչապետը խնդրի իրավիճակային լուծում առաջարկեց, մասնավորապես, գյուղացիներին  հրահանգեց բաժանվել երկու խմբի: Մի խմբին ուղարկեց Աբրահամյանների ընտանիքին պատկանող՝ Մխչյանի գինու գործարան, մյուսներին՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարան եւ խոստացավ, որ այնտեղ կմթերեն ցանկացած քանակությամբ խաղողի բերք:

«Բայց չեմ կարող վստահեցնել, որ հենց այսօր կվճարեն բերքի դիմաց»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հավաքված գյուղապետերի հետ զրուցեց, պայմանավորվեց, որ նրանք իրեն կներայացնեն այն գյուղացիների ցանկը, որոնց չի հաջողվի այսօր մթերել խաղողը՝ խոստանալով նրանց խնդրի համար նույնպես որեւէ լուծում գտնել: Գյուղացիները բացեցին ճանապարհը:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա ասել է, որ  հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Նա վստահեցրել է, որ թեեւ նախորդ տարվա համամատ առաջարկը պահանջարկից մեծ է, բայց անկախ ամեն ինչից իրենք մթերումները նորմալ անցկացնելու են: