Երեւան-Արարատ մայրուղին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, իրենց խաղողը մթերելու պահանջով մի քանի ժամով փակած խաղողագործները վարչապետ ՀովիկԱբրահամյանին խնդրեցին միջնորդել սառեցնել իրենց վարկերը, մինչեւ կստանան խաղողի մթերման գումարները: Նման խնդրանքով գյուղացիները դիմեցին վարչապետին, երբ վերջինը վստահեցրեց, որ նրանց խաղողի մթերումը կկազմակերպի, սակայն չի կարող երաշխավորել, որ գյուղացիները գումարներն անմիջապես կստանան։

«Վարկեր ենք վերցրել տարբեր բանկերից, մարումը սկսում է հոկտեմբեր ամսից, գոնե սառեցնեին, մինչեւ գումարը ստանանք»,-վարչապետին դիմեց գյուղացիներից մեկը։

Հովիկ Աբրահամյանը վարկերը սառեցնելու խնդրանքն անտեղի համարեց՝ ավելացնելով, որ ինքը եկել է խաղողի մթերման խնդիրնը քննարկելու, իսկ գյուղացիներն իրեն «այլ բաների մեջ են ներքաշում»:

«Հիմա պայման ես դնում իմ դեմ, հոկտեմբերին կգաս, կասես` փողս չեն տալիս, կարող ա` նոյեմբերին տան, ոչի՞նչ: Եթե ուզում ես մեր կյանքի սաղ պրոբլեմները հիմա ես լուծեմ, ճիշտ մոտեցում չի: Բա կանգնել ես ասֆալտի վրա, սկսել ես բանկի տոկոս քննարկել, ճի՞շտ ես անում դու: Հիմա մեր խնդիրը խաղող տեղավորելն է, բեր տեղավորենք, հետո հետեւենք, մյուս գործերն անենք: Հիմա մի բան ասեմ, սուտ դուրս գամ, հետո վաղն ասես` խաբե՞ց, է՞դ ես ուզում ասեմ, արա, մենք ե՞րբ չենք օգնում գյուղացուն»,- ասաց վարչապետը:

Վարչապետն ավելացրեց, որ կխոսի գործարանների տնօրենների հետ, ու ըստ նրանց խոստացած ժամկետի ինքը վճարման պատասխանատվությունը կվերցնի իր վրա:

«Հիմա պիտի կանչեմ, ասեմ՝ ո՞վ ա ընդունել, Պողոս, փողը ե՞րբ ես տալու էս մարդկանց, որ ասի` հոկտեմբերի 10-ին, ես պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա, որ հոկտեմբերի 10-ին տա, բայց պիտի կանչենք, մի հատ լսենք բոլորին, չէ ՞»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ գյուղացիները, որոնք խաղողի բերքով բեռնված ավտոմեքենաներով փակել էին մայրուղին, եւ դժգոհում էին, որ Մասիսի «Նոյ» գործարանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է մթերել խաղողը, մինչեւ վարչապետի ժամանելը հայտարարել էին, որ չեն բացի ճանապարհը, մինչեւ Հովիկ Աբրահամյանը չգա իրենց մոտ: Վարչապետի գալուց հետո խաղողագործները բացեցին մայրուղին: Հովիկ Աբրահամյանը տեղում լուծեց խաղողի մթերման խնդիրը՝ հրահանգելով ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին զանգահարել մի քանի գործարաններ, որտեղ էլ գյուղացիները տեղափոխեցին խաղողի բերքը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա ասել է, որ  հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Նա վստահեցրել է, որ թեեւ նախորդ տարվա համամատ առաջարկը պահանջարկից մեծ է, բայց անկախ ամեն ինչից իրենք մթերումները նորմալ անցկացնելու են: