Ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող 20-ամյա Ռոբերտ Մկրտչյանը միայնակ մոր միակ զավակն էր: Այս մասին NEWS.am-ին ասացին նրա հարեւանները:
«Աշխատասեր երեխա էր, քյոռփա ժամանակվանից ջերմոցներում է աշխատել, գռուզ ա դատարկել, մի երկու կոպեկ փող ա աշխատել, որ իրան եւ մորը պահեր, տանջված, դժվար կյանքով ապրած երեխա էր»,- ասաց հարեւաններից Արմինե Հայրապետյանը:
Հարեւանները Ռոբերտից միայն լավ հիշողություններ ունեն: Տիկին Արմինեն պատմեց, որ ամեն անգամ, երբ իրենցից մեկը շուկայից կամ մեկ այլ վայրից իրերով տուն էր գնում, Ռոբերտը մոտենում էր, օգնում բարձրացնել պայուսակները:
«Որտեղ, ում ինչ լիներ, Ռոբերտը հասնում էր: Բոլորն իրեն սիրում էին, հարյուրավոր մարդիկ կան այս տարածքում ապրող, բոլորի համար էլ ոնց որ հեղաշրջում լիներ, որ իմացան իր մահվան լուրը: Չկա մեկը, որ կասի՝ վատն էր Ռոբերտը»,- ասաց հարեւանուհին:
Ռոբերտը Երեւանից էր, մոտ մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ: Նա երկու օր առաջ խոսել էր մոր հետ, որը որդուն ասել էր, որ կիրակի կայցելի նրան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով:











